ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԺԻՆ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ԷՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԺՆԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն կանոնադրությունը սահմանում է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի գործունեության կարգը, հիմնարար խնդիրները, իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը: Բաժինն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, Երևանի ավագանու, Երևանի քաղաքապետի, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի որոշումներով, կարգադրություններով, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և սույն կանոնադրություններով:
2. ԲԱԺՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ բաժնի պետը և բաժնի աշխատողները. ա/մասնակցում են տեղական ինքնակառավարման մարմինների և աշխատակազմի ռազմավարական, կազմակերպական և մասնագիտական նշանակության խնդիրների բացահայտմանը, վերլուծմանը, ինչպես նաև դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ տալու աշխատանքներին. բ/ կազմակերպում են քաղաքացիների ընդունելություն, տալիս են իրավական բնույթի տեղեկատվություն, պարզաբանումներ: Վարչական շրջանի ղեկավարի հանձնարարությամբ պատասխանում են քաղաքացիների` վարչական շրջանի ղեկավարին հասցեագրված դիմում-բողոքներին, դրանցում առաջադրված խնդիրների հետ կապված առաջարկություններ են ներկայացնում վարչական շրջանի ղեկավարին. գ/ քաղաքապետի կամ վարչական շրջանի ղեկավարի լիազորագրերով ներկայացնում են Երևան համայնքի շահերը դատական մարմիններում: դ/ որպես Երևանի քաղաքապետի ներկայացուցիչ ստանում և կատարման են ներկայացնում կատարողական թերթեր, մասնակցում են կատարողական գործողություններին. ե/ ապահովում են վարչական շրջանի ղեկավարի քննարկմանը ներկայացվող իրավական բնույթի փաստաթղթերի, նախագծերի համապատասխանությունը գործող օրենսդրության պահանջներին. զ/ մասնակցում են խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի աշխատանքներին: Վարչական շրջանի ղեկավարի հանձնարարությամբ բաժինն իրականացնում է օրենքով և իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
3. ԲԱԺՆԻ ՊԵՏԸ
Բաժինը ղեկավարում է բաժնի պետը: Բաժնի պետն անմիջականորեն ենթակա ու հաշվետու է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին և աշխատակազմի քարտուղարին: Բաժնի պետին անմիջականորեն ենթակա և հաշվետու են բաժնի աշխատողները: Բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է բաժնի գլխավոր մասնագետը: Բաժնի պետը. ա/ կազմակերպում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է բաժնի աշխատանքները. բ/լուծում է բաժնի խնդիրներն իր իրավասության սահմաններում. գ/ բաժնի աշխատողներին տալիս է ցուցումներ, հանձնարարականներ. դ/ բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր, հարցումներ և այլ գրություններ. ե/ ստորագրում է իր և բաժնի անունից կազմվող փաստաթղթերը. զ/ ապահովում է բաժնի փոխհարաբերությունները աշխատակազմի այլ բաժինների հետ. է/ կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն` բաժնի աշխատանքային բնագավառին վերաբերող հարցերով. ը/ իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
4. ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ
Բաժնի աշխատողները. ա/ իրականացնում են սույն կանոնադրությամբ նախատեսված` բաժնի գործառույթներից բխող աշխատանքներ. բ/ կատարում են բաժնի պետի հանձնարարականները և անմիջականորեն ենթակա ու հաշվետու են նրան. գ/ սահմանված կարգով մասնակցում են բաժնի պետի կողմից կազմակերպված` քաղաքացիների ընդունելությանը. դ/ բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում են Հայաստանի Հանրապետության համայնքների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին, սեմինարներին, հանդես են գալիս առաջարկություններով, զեկույցներով և այլն. ե/ բաժնի պետի հանձնարարությամբ ներկայացնում են Երևան համայնքի շահերը դատական մարմիններում. զ/ պատասխանատվություն են կրում օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
|